Saturday, January 20, 2024

ՄԱՐԻՆ

Լ.Հ. (2008թ.)

«Վաղն առավոտյան մեկնում եմ Երևան: Վերջապես։ Մի քանի ժամից կլուսանա. այդպես էլ աչք չփակեցի: Անդադար քայլում եմ սենյակից սենյակ: Երկու ամիս է՝ չեմ ծխում ու հիմա չգիտեմ, թե ինչպես սպանել ժամանակը: Ես վաղը կտեսնեմ Արեգին - 05.09.2005թ.»:

Մարին 40 տարեկան է: Ծնվել ու մեծացել է Փարիզում։ Տարիներ առաջ հայրը՝ Անրի Պասկալը, դիվանագիտական այցով մեկնել էր Հայաստան ու այնտեղ ծանոթացել Մարիի մոր` Անիի հետ։

25– ամյա հմայիչ կին էր Մարին, երբ հանդիպեց Պոլին։ Պոլը նկարիչ էր, իսկ ինքը գերմաներենի ուսուցչուհի։ Ամեն ինչ մի տեսակ սահուն, առանց ձևականությունների ստացվեց. երկու ամիս անց որոշեցին ապրել միասին Պոլի փոքրիկ բնակարանում։

Ապրում էին համեստ և իրենց փոքրիկ խնայողությունները ծախսում ճամփորդությունների վրա։ Երջանիկ էր Մարին. սիրում էր իր աշխատանքը, հատկապես սաներին և, իհարկե, պաշտում էր միշտ ուշադիր ու նրբանկատ Պոլին։

Բայց, ինչպես ցանկացած կին, Մարին էլ ուներ  նվիրական երազանք, որն օրեցօր ավելի ու ավելի համառորեն էր իր մասին հիշեցնում: Պոլին երեխա ունենալու միտքը առանձնապես չոգևորեց, բայց նա դեմ էլ չէր։ Կես տարի անց բժիշկները նրանց վստահեցրին, որ ոչ մի հույս չկա. Մարին երեխա ունենալ չի կարող։

Չնայած այս դատավճռին` Մարին սկսեց իր բուժումները. բազմաթիվ բժիշկներ, անվերջ ստուգումներ, անարդյունք դեղեր...Սկզբում Պոլն էլ կարծես տարվել էր Մարիի բուժման գաղափարով: Բայց օրեցօր նրա ոգևորությունը անհետանում էր, Մարիի նյարդային վիճակն էլ փոխանցվում էր նրան և կարեկցանքի փոխարեն բարկություն  ու անտարբերություն ծնում:

Հինգ տարի համատեղ կյանքից հետո Պոլը մի օր հեռացավ:

Արցունքներին փոխարինեց մի անտակ դատարկություն: Սարսափելի, անտանելի դատարկություն

Օգնության եկան գործընկերները: Մարին վերադարձավ դպրոց՝ իր փոքրիկ, չարաճճի սաների մոտ։ Թողեց դեղերը, բժիշկներին ու իր բոլոր հույսերը: Դպրոց, տուն, տետրեր Տարիներն հաջորդում էին մեկը մյուսին:

40-ամյա Մարիին արդեն մեկ տարի է հանգիստ չէր տալիս մի սևեռուն գաղափար: Նա ցանկանում էր երեխա որդեգրել:

Ինքնաթիռը վերջապես օդ բարձրացավ: Հինգ ժամից կհասնեն Երևան, իսկ մինչ այդ մտքերը մեծ արագությամբ  սլանում են հետ՝ դեպի մանկության օրերը: Մարին ծնողների հետ երբեմն այցելում էր Հայաստան` տատիկին, պապիկին ու բազմաթիվ բարեկամներին տեսնելու: Նա չէր խոսում հայերեն: Սակայն այդ մարկանց կարոտն ու սերը հասկանալու համար բառեր պետք չէին։

Հետո Մարին հիշեց Նարեի վերջին նամակը: Նարեին նա դիմեց մեկ տարի առաջ` խնդրելով զբաղվել որդեգրության հետ կապված որոշ հարցերով։ Իր փոխարեն Նարեն պետք է ուսումնասիրեր հնարավոր տարբերակները, խորհրդակցեր տեղի իրավաբանների հետ, հանդիպեր պատասխանատու պաշտոնյաների ... Նարեն արագ արձագանքնեց, ու սկսվեց նրանց նամակագրությունը և մի անվերջ թվացող գործընթաց։

Մարին նայեց ինքնաթիռի պատուհանից դուրս. պետք է արդեն շատ մոտ լինենԱփսոսանքով նկատեց, որ մութը ընկնում է, և հավանաբար ինքը Արեգին այսօր չի տեսնի:

Նարեն առավոտյան տաքսիով եկավ Մարիի հետևից: «Մարիոտ» հյուրանոցի իր համարում Մարին անցկացրել էր իր կյանքի ամենաերկար գիշերը` իր հուշերի, իր մտքերի, հույսերի ու սպասումների հետ: Մի երկա՜ր գիշեր:

Տաքսին սլանում էր ճանապարհով. իրենց ընդառաջ էին վազում ճանապարհի եզրի ծառերն ու հանդիպակաց մեքենաները, իսկ Նարեն պատմում էր փոքրիկ Արեգի պատմությունը:

Նրա ծնողները ունևոր, նույնիսկ քաղաքում հայտնի մարդիկ են: Փոքրիկը նրանց առաջնեկն էր: Ծնվելիս բժիշկները հայնաբերել էին նրա գլխում ուռուցք, որն անմիջապես  վիրահատական միջամտություն էր պահանջում։ Ունևոր ծնողները առանց երկարբարակ մտածելու որոշել էին, որ իրենք դեռ երիտասարդ են ու կհասցնեն առողջ երեխաներ ունենալ:

Իսկ փոքրիկին վիրահատեցին գերմանացի բժիշկներ, որ այդ ժամանակ պատահաբար հենց նույն ծննդատանը օգնության կարգով բարդ վիրահատություններ էին կատարում: Փոքրիկն ապաքինվեց, բայց մնաց մեն-մենակ այս մեծ աշխարհում: Հիվանդանոցից նրան տարան մանկատուն, որտեղ ապրեց երկու ամիս:

Մարին մտավ մանկատուն: Նա քայլում էր դեպի տնօրենի սենյակը տանող երկար միջանցքով ու զգում իր վրա ծանրացած բազմաթիվ աչքեր՝ փնտրող, սպասող, տխուր աչքեր:

Հնարավորինս արագ վերջացնելով փաստաթղթերի հետ կապված վերջին մանրուքները՝ Մարին շտապեց մանկասենյակ։ Իսկ տարեց բուժքույրը, բարուրը ձեռքին, արդեն իրեն էր սպասում։

Մարիին մի պահ թվաց` կուշաթափվի: Աչքերի առջև մշուշ էր։

Մոտեցավ, խոնարհվեց բարուրի վրա, մի կողմ տարավ դեմքի ծածկոցը: Արեգի մեծ-մեծ աչքերում իրեն այնքնան ծանոթ կորած, լքված, միայնակ շնիկի վախեցած հայացքն էր 

Մարին զգուշորեն գրկեց փոքրիկին, ամուր սեղմեց կրծքին, ու արցունքները հեղեղի պես հոսեցին դեմքով, հոսեցին անխնա` մաքրելով տարիների մենակությունը, լքվածությունն ու հուսահատությունը:










No comments:

Post a Comment