2018թ.
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը: Մի օր քեզ տեսնելու ակնկալիքով՝ Լ. Հ.
Պառկած ես անկողնում ու չես կարողանում քնել: Քեզ համար բոլորովին աննկատ` դրսից մի աննշան ձայն թափանցել է ներս: Այն անհասկանալի կերպով գտել է ենթագիտակցությանդ գաղտնաբառը: Դու առանց պայքարի հանձնվել ես:
Պառկած ես՝ ամուր փաթաթված վերմակով, իսկ սենյակում արդեն առատ ձյուն է գալիս: Դու վաղուց չես զգացել այս թարմ սառնությունը: Սկզբում ագահորեն ըմբոշխնում ես այն: Հետո իրական ձյան կարոտը փոխում է ուրախությունդ դառը տխրության: Դու գիտակցում ես, որ ձյունը ու քեզ համար թանկ շատ բաներ այլևս իրականություն չեն:
Հետո դուրս ես գալիս նյութեղեն անոթից ու մի ակնթարթում հայտնվում հեռվում: Վստահ չես՝ արդյոք այս տեղը երբևէ եղե՞լ է, թե՞ երևակայությունդ ստեղծել է այն քեզ համար: Սարի լանջին, գետի ափին տարածվում է անծայր դաշտ: Մի հսկա թռչուն վաղ գարնանը շաղ է տվել ամենատարբեր ծաղիկների սերմեր: Ու հիմա դու տեսնում ես բոլոր գույները: Քաղաքից հեռու, ապականությանն անտեղյակ՝ գոյություն ունի այս հիանալի վայրը: Պառկել ես գետի ափին, ու ժամանակը կանգնել է: Ուզում ես, որ այս օդը, այս ջուրը, ծաղիկները, սարն ու դաշտն ու պայծառ արևը միշտ լիեն: Ուզում ես, որ այս օրը շարունակվի հավերժ:
Հետո հայտնվում ես մի մեծ քարաշեն տան բակում: Տանձենու ու խնձորենու շվաքում նստած տեսնում ես անչափ հարազատ ու թանկ մեկի: Նա ժպտում է: Մի տեսակ ամեն ինչ ներող ու ամեն ինչ հասկացող ժպիտ ունի արևից թրծված դեմքին: Ինչքա՜ն ես կարոտել նրան: Ո՜նց ես ուզում, որ նա քեզ հետ խոսի: Ուզում ես, որ գրկես նրան, ու որ նա քեզ ների հատկապես չարածներիդ համար:
Նստել ես բազմոցին, իսկ դիմացիդ բազկաթոռին հարմար տեղավորվել է նա: Գիշեր է: Դու պատմում ես նրան քո մասին: Դեպեքեր՝ եղած ու չեղած: Ոչինչ չես թաքցնում: Նա քեզ հասկանում է, երբ ինքդ ոչինչ չես հասկանում: Նա միշտ քեզ արդարացնում է, թեև ինքդ դատապարտում ու պատժում ես քեզ: Նրա մտացածին լինելու փաստը քեզ բոլորովին չի անհանգստացնում: Նա ավելի իրական է, քան քո ընկերներից շատերը:
Հետո կարոտը հիշեցնում է քեզ այն ամենի մասին, ինչ չես ունեցել: Ինչ կարող էիր ունենալ, ու չես ունեցել: Զրնգացող դատարկության մեջ անտարբեր մարդկային դեմքեր են իրար հաջորդում: Մարդիկ, որ բնության բոլոր օրենքներով չէին կարող հայտնվել դատարկության մեջ, բայց նրանք այնտեղ են: Կարոտել ես նաև նրանց՝ թեև ոչ այնպիսին, ինչպիսին էին, այլ այնպիսին, ինչպիսին պիտի լինեին: Ջերմ մի ժպիտ փոխում է պատկերը:
Հավերժություն է անցել այն օրից, երբ նրան տեսար վերջին անգամ: Մի՞թե ժամանակը ավելի հզոր է, քան կարոտը: Ժամանակը չի մոռացնում, չի բուժում կորստի ցավը: Կարոտը թաքնվում է, ու սպասում հարմար առիթի: Այդ մի կարոտին միաձուլվում են բազմաթիվ այլ կարոտներ: Երբ գալիս է հարմար առիթը՝ մի ծանոթ բառ, հայացք, անուն, բոլորը միասին դուրս են գալիս թաքստոցից ու ապացուցում, որ ժամանակը չի հաղթել:
Սպասելու եմ հաջորդին, հաջորդին....❤❤❤
ReplyDelete3/5/2020
ReplyDeleteՄտացածին խնդիրներ, նպատակներ, երազանքներ՝ կարծես արդարացնելու մեր ապրած կյանքը: Ու այնպես ենք վազում այս ամենի հետևից, որ մոռանում ենք ապրել: Քեզ հետ զրույցները ժամանակավոր սթափեցնող բնույթ ունեն:
Կա այսօր ու հենց հիմա: Վաղը մեզ խոստացված չէ: Պետք չէ ոչինչ հետաձգել: Գերեզմաններին դրված ծաղիկները ինքներս մեզ հանգստացնելու համար են: Ես քեզ պիտի զանգեի ամեն օր: Ես քեզ համար պիտի աղոթեի անդադար... Հեռանալուցդ հետո թափած արցունքներից քեզ ոչ մի օգուտ չկա: Դրանք կարոտի ու ծանրացած խղճի «դարման» են, իսկ խաղաղություն չեն բերում: Ծանրությունը ավելի է ծանրանում քո անվերապահ ու անմնացորդ սիրո պատճառով: Երանի այդքան չսիրեիր...
3/5/2025
ReplyDeleteՎաղուց չենք հանդիպել։ Հոգ չէ։ Այցելեցիր այնքան ժամանակ, մինչև հաշտվեցի ինքս ինձ հետ։
Վերջին անգամ քեզ տեսա քո տան դիմաց՝ աղբյուրի մոտ։ Ինչ որ բան էիր լվանում: Այնքա՜ն ջահել, այնքա՜ն գեղեցիկ ու այնպե՜ս խաղաղ: Գիտակցելով հանդերձ իրականությունը՝ շտապ մոտեցա քեզ ու ամուր գրկեցի: Գերբնական խաղաղ ժպիտով ինձ նայեցիր՝ հայացքով մի մարդու, որ ամեն ինչ գիտի, ումից ոչինչ չես թաքցնի: Ոչինչ չասացիր:
Որքան կուզեի զանգել քեզ ու զրուցել։ Որ էլի ու էլի ինձ պատմություններ պատմեիր: Որ աշխարհում ունենայի մի մարդ ավել այն փոքրիկ խմբում, որ սիրում է ինձ առանց պատճառի, առանց պայմանի, հենց այնպես:
Աղոթքս․ ԱՍՏՎԱԾ շնորհ անի մեր փոքրիկ խմբին՝ դառնալու Իրեն, ճանաչելու Իրեն, հետևելու Իրեն։
Հույսս․ օրերից մի օր՝ հարյուր տարի անց․․․ բոլորս միասին լինենք իրար հետ մեր իսկական տանը:
Մխիթարությունս․ հավիտենականությունը ապրել մեր փոքրիկ խմբով՝ առանց հիվանդության, առանց ծերության, առանց կարոտի․․․