Saturday, February 10, 2024

ՑՆՈՐՔ

Լ. Հ. (2005թ.)

Մութն անձրևաբեր ամպի նման գաղտագողի եկել, ծանրացել է տանիքներին, կախվել է ծառերի ճյուղերից, փակել է պատուհանները: Մութը սողոսկել է տուն ու խորամանկ ժպտում է. ոչինչ չի փրկի, վառի՛ր բոլոր լույսերը, միևնույնն է, նա այստեղ է, ամենուր…

Ստվերները թափանցել են հոգուդ խորքերը, տակնուվրա արել հուշերդ: Շրջում ես սենյակներով, անիմաստ ինչ-որ իրեր տեղափոխում, ստուգում ծորակները… հետո նստում բազմոցի անկյունին. շուրջդ` տեսիլքներ` տարիների խորքից, տասնամյակների վաղեմության, գալիս, իրար հերթ չտալով` անցնում են, նստում բազմոցիդ, պտտվում սենյակում, հալվում, անէանում մթության մեջ: Իսկ դու չես խուսափում, դու նրանց մեջ փնտրում ես մեկին. նրան ում, ակամա դառնացրել ու վանել ես քեզնից, նրան, ում…

Փորձեցի մոռանալ, որ երբևէ եղել ես, ջնջել լավ ու վատ ամեն ինչ: Օրս դարձավ պայքար ու անվերջ լարում, քաոս ու ապարդյուն ճիգ, ու երբ թվաց, որ մոռանում եմ, սարսափեցի. սարսափեցի քեզ կորցնել նաև երազներում:

Ինչ-որ մեկը թակում է պատուհանը: Ինչ-որ անխոնջ ձեռք նույն ուժգնությամբ խփում է ապակիներին: Մի պահ հապաղում ես, հետո լայն բացում փեղկերը: Սառը օդը ներս է խուժում, բայց դու չես մրսում: Պարզում ես ձեռքերդ դեպի անձրևը:

Հիշո՞ւմ ես, ես սիրում էի անձրևը. այն ինձ հանգիստ էր բերում, ես մոռանում էի աշխարհում բոլորին ու ամեն ինչ: Չկար ոչինչ: Միայն ես` անեզր տարածության մեջ, ժամանակից դուրս` խաղաղ, անխռով:

Անձրևն էլ ինձ մոռացում չի բերում. ես զգում եմ քեզ ամենուր` անվերջ կաթիլներից յուրաքանչյուրի մեջ, հատելով իրականի սահմանները` սահում եմ դեպի պատկերը, որ ժպտում է հեռվից` անսահման թախծոտ, շնչահեղձ անելու աստիճան տխուր:

Դարձյալ շրջում ես սենյակում: Նա վաղուց էլ չկա, թերևս երբեք էլ չի եղել: Կարոտը սեղմում է կոկորդդ, այն ծանրացել է աչքերիդ, հոսում է դեմքիդ վրայով… Դառնություն, որ թափվում է անզուսպ, ու դու հիմա մրսում ես, թեև պատուհանները փակ են: Ատելություն. միակ բանը, որ զգում ես... աշխարհի, կյանքի, նրա ու ինքդ քո հանդեպ:

Դրսում ինչ-որ մեքենա, ճեղքելով անձրևաջուրը, մի պահ լուսավորելով պատուհանդ, անցնում է: Մի պահ լուսավորում ու անցնում: Հոգնած ես… գործերից, նույն խոսակցություններից, նույն դեմքերից, գորշ միօրինակությունից… հոգնած ես ինչուներից, աղմուկից ու լռությունից: Իսկ դրսում մութը կամաց-կամաց հալվում է: Դու կառչել ես վերջին ստվերներից:

Կողքի սենյակում ինչ-որ մեկը քնի մեջ շարժվում է, մի ակնթարթում դու նրա կողքին ես: Փոքրիկ, անօգնական, քնքուշ, ամենաքնքուշ էակն աշխարհում: Դու նրա համար կարող ես մեռնել` առանց մի պահ տատանվելու, նետվել ամենախոր անդունդն ու ամենաթեժ կրակի մեջ: Ակամա ծնկում ես, սեղմվում վերմակին, որ հեկեկոցդ չխանգարի նրա քունը: Բայց նա բացել է իր անմեղ-անմեղ աչուկները, ու դու` ամենամեղավորն ու նվաստն աշխարհում, ծնկած նրա մոտ` արտասվում ես: Գրկում ես, սեղմում կրծքիդ, անվերջ համբույրներ դրոշմում փոքրիկ թաթիկներին. ամեն համբույրդ` խոստում, որ նա միակը կլինի քեզ համար, երդում, որ երբեք էլ ոչ մի ստվեր չի հրապուրի քեզ… Նրան գրկած` ինքդ էլ ննջում ես` ամենաերջանիկն աշխարհում, ամենահասկացվածն ու ներվածը:

Արևը ջերմացնում է, չորացնում անձրևի վերջին հետքերը: Օրը ինքնավստահություն է բերում: Քեզ խորթ, անիրական են թվում երեկվա դեպքերը: Դու` լուրջ, գործունյա, չես էլ կասկածում, որ գիշերը չգնաց, նա տեսիլքների, ստվերների ու անձրևի հետ ծվարեց քո հոգում, նա սպասում է մայրամուտին: Ոչինչ չի փրկի. նա այստեղ է, ամենուր…

No comments:

Post a Comment