Sunday, January 7, 2024

ԿԱՐՈՏ

2018թ.
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը: Մի օր քեզ տեսնելու ակնկալիքով՝ Լ. Հ.


Պառկած ես անկողնում ու չես կարողանում քնել: Քեզ համար բոլորովին աննկատ` դրսից մի աննշան ձայն թափանցել է ներս: Այն անհասկանալի կերպով գտել է ենթագիտակցությանդ գաղտնաբառը: Դու առանց պայքարի հանձնվել ես:

Պառկած ես՝ ամուր փաթաթված վերմակով, իսկ սենյակում արդեն առատ ձյուն է գալիս: Դու վաղուց չես զգացել այս թարմ սառնությունը: Սկզբում ագահորեն ըմբոշխնում ես այն: Հետո իրական ձյան կարոտը փոխում է ուրախությունդ դառը տխրության: Դու գիտակցում ես, որ ձյունը ու քեզ համար թանկ շատ բաներ այլևս իրականություն չեն:

Հետո դուրս ես գալիս նյութեղեն անոթից ու մի ակնթարթում հայտնվում հեռվում: Վստահ չես՝ արդյոք այս տեղը երբևէ եղե՞լ է, թե՞ երևակայությունդ ստեղծել է այն քեզ համար: Սարի լանջին, գետի ափին տարածվում է անծայր դաշտ: Մի հսկա թռչուն վաղ գարնանը շաղ է տվել ամենատարբեր ծաղիկների սերմեր: Ու հիմա դու տեսնում ես բոլոր գույները: Քաղաքից հեռու, ապականությանն անտեղյակ՝ գոյություն ունի այս հիանալի վայրը: Պառկել ես գետի ափին, ու ժամանակը կանգնել է: Ուզում ես, որ այս օդը, այս ջուրը, ծաղիկները, սարն ու դաշտն ու պայծառ արևը միշտ լիեն: Ուզում ես, որ այս օրը շարունակվի հավերժ:

Հետո հայտնվում ես մի մեծ քարաշեն տան բակում: Տանձենու ու խնձորենու շվաքում նստած տեսնում ես անչափ հարազատ ու թանկ մեկի: Նա ժպտում է: Մի տեսակ ամեն ինչ ներող ու ամեն ինչ հասկացող ժպիտ ունի արևից թրծված դեմքին: Ինչքա՜ն ես կարոտել նրան: Ո՜նց ես ուզում, որ նա քեզ հետ խոսի: Ուզում ես, որ գրկես նրան, ու որ նա քեզ ների հատկապես չարածներիդ համար:

Նստել ես բազմոցին, իսկ դիմացիդ բազկաթոռին հարմար տեղավորվել է նա: Գիշեր է: Դու պատմում ես նրան քո մասին: Դեպեքեր՝ եղած ու չեղած: Ոչինչ չես թաքցնում: Նա քեզ հասկանում է, երբ ինքդ ոչինչ չես հասկանում: Նա միշտ քեզ արդարացնում է, թեև ինքդ դատապարտում ու պատժում ես քեզ: Նրա մտացածին լինելու փաստը քեզ բոլորովին չի անհանգստացնում: Նա ավելի իրական է, քան քո ընկերներից շատերը:

Հետո կարոտը հիշեցնում է քեզ այն ամենի մասին, ինչ չես ունեցել: Ինչ կարող էիր ունենալ, ու չես ունեցել: Զրնգացող դատարկության մեջ անտարբեր մարդկային դեմքեր են իրար հաջորդում: Մարդիկ, որ բնության բոլոր օրենքներով չէին կարող հայտնվել դատարկության մեջ, բայց նրանք այնտեղ են: Կարոտել ես նաև նրանց՝ թեև ոչ այնպիսին, ինչպիսին էին, այլ այնպիսին, ինչպիսին պիտի լինեին: Ջերմ մի ժպիտ փոխում է պատկերը: 

Հավերժություն է անցել այն օրից, երբ նրան տեսար վերջին անգամ: Մի՞թե ժամանակը ավելի հզոր է, քան կարոտը: Ժամանակը չի մոռացնում, չի բուժում կորստի ցավը: Կարոտը թաքնվում է, ու սպասում հարմար առիթի: Այդ մի կարոտին միաձուլվում են բազմաթիվ այլ կարոտներ: Երբ գալիս է հարմար առիթը՝ մի ծանոթ բառ, հայացք, անուն, բոլորը միասին դուրս են գալիս թաքստոցից ու ապացուցում, որ ժամանակը չի հաղթել:




1 comment:

  1. Սպասելու եմ հաջորդին, հաջորդին....❤❤❤

    ReplyDelete