Sunday, February 4, 2024

ԼՈՒՅՍԻ ԾԱՌԸ

 Լ.Հ. (2009թ.)

Քաղաքը շրջապատված էր բարձր լեռներով՝ այնքան բարձր, որ արևի լույսը երբեք չէր հասնում մարդկանց։ Նրանք ապրում էին խավարում։  Ամենատարեց մարդիկ պատմում էին, որ եղել է ժամանակ, երբ ցերեկ է եղել ու գիշեր: Ցերեկը արևն է լուսավորել երկինքը, իսկ գիշերը՝ լուսինն ու աստղերը։ Բայց դա շատ վաղուց է եղել։ 

Մարդիկ շատ էին փոխվել այդ ժամանակներից ի վեր։ Սրվել էր նրանց տեսողությունն ու մյուս զգայարանները։ Անընդհատ լարվածությունից կարծես սրվել էր նաև նրանց դեմքն, ու փոխվել էր կեցվածքը։ Իհարկե քաղաքում կար մոմերի մի մեծ խանութ։ Բայց քիչ էր մոմի հումքը, և շատ թանկ էին մոմերը։ 

Մարդկանց խավարը նաև չարացրել էր ու իրար վշտի հանդեպ անհաղորդ դարձրել։ Այն դրսից ներս էր թափանցել, մտել մարդկանց սրտերն ու հոգիները, պարուրել ամեն ինչ։ Ապրում էին մարդիկ հարմարված։ 

Մի օր արթնացավ ողջ քաղաքը մի մարդու նման. քաղաքի կենտրոնից բոլոր ուղղություններով շլացուցիչ լույս էր ճառագում։ Մարդիկ երկար ժամանակ ամուր փակել էին աչքերը և ցավից ու սարսափից չէին կարողանում բաց անել։ Հետո, երբ վարժվեցին, տեսան, որ մի հսկա ծառ է հայտնվել հենց մոմերի խանութի դիմաց։ Այն փայլում էր երևի արևի պես, լույսը տարածվում էր խաղաղ, մեղմ, ծորալով... 

Մարդիկ մի պահ կարծես արթնացան երկար քնից ու տեսան իրար։ Տեսան, թե որքան է փոխել իրենց խավարը, որքան էին իրենք տգեղ ու տձև դարձել։ Նրանք տեսան հսկա լեռներն ու անտառները։ Հետո լալիս էին. ինչ–որ կարոտ էր զարթնել նրանց մեջ: Լույսը դանակի պես կտրել անցել էր նրանց սրտերում  ու հոգիներում կարծրացած խավարը։ Ցավ էր պատճառում վերքի նման։ Բայց նրանք գիտեին, որ ապաքինվում են, որ ճիշտը լույսն է, ու իրենք լույսի համար են ստեղծված։ Հետո հանդարտվեցին, ու թախծոտ ժպիտ հայտնվեց նրանց դեմքին։ Մարդիկ վաղուց չէին ժպտացել։ Ողջագուրվում էին ծանոթ–անծանոթ, լալիս, ժպտում, ուրախանում: Լույսը լավ էր, ջերմ էր, մաքուր էր...

Մի առավոտ քաղաքն արթնացավ սոսկումի ճիչով։ Արձագանքվեց ճիչը լեռներում ու կորավ. չկար ծառը: Բոլորի հայացքները ուղղվեցին մոմերի խանութի տիրոջ ուղղությամբ։ Նա երկար ամիսների ընդմիջումից հետո բացում էր խանութի կողպած դուռը։

Մարդիկ շատ վշտացան։ Հետո ժամանակի հետ մեծ մասը հանդարտվեց, լծվեց առօրյա գործերին: Երբեմն հիշում էին, վշտանում ու հետո էլի հոգսերի բեռի տակ մոռանում։ 

Բայց եղան մարդիկ, որ որոշեցին՝ ինչ էլ լինի, մագլցել լեռներն ու հասնել լույսին։ Նրանք տեսել էին լույսը ու էլ չէին կարող ապրել խավարում։ Շատերը ճամփա ընկան։ Ոմանք շուտով հետ վերադարձան՝ ճանապարհի դժվարություններից հուսահատված, կոտրված։ Բայց ոմանք այդպես էլ չեկան։ Համբերությամ, համառությամբ ու հավատով շարունակեցին վեր բարձրանալ՝ Լույսն իրենց սրտերում։




No comments:

Post a Comment