Friday, February 2, 2024

ԳԻՐՔԸ

 Լ.Հ. (2009թ.)

Փողոցի անկյունում մի լքված ու մոռացված տուն կար։ Տերը, որ մի ծեր կին էր, վաղուց վերցրել էր բոլոր քիչ թե շատ պիտանի իրերը ու տեղափոխվել աղջկա մոտ։ Նա նույնիսկ դուռը չէր փակել։ Տանը գողանալու ոչինչ չկար, թեև որոշ իրեր այնուամենայնիվ մնացել էին` մի գիրք, մի մեծ հնաոճ լուսամփոփ և մի խունացած թերթ։ Պատի տակ էլ կարծես հոգնած նստած էր ժանգոտ, մրոտ վառարանը։

Ամեն գիշեր, երբ փողոցի մյուս տներում բոլորը քուն էին մտնում, լքված տունը աշխուժանում էր։ Ու շատ շուտով իսկական վեճի էին բռնվում տանը մնացած իրերը։

– Զարմանում եմ՝ մեր տանտերը ինչպե՞ս կարող էր այդպես անփույթ գտնվել։ Նա մոռացավ իր հետ վերցնել ամենակարևոր իրը՝ ինձ,– ամեն անգամ, նույն տոնով սկսում էր լուսամփոփը։
– Քե՞զ։ Այդ դու ես ամենակարևո՞րը,– հեգնախառը չպպացնում էր թերթը։ – Ապա մի քեզ նայիր, այնքան հին ես, որ ոչ ոք չի հիշում, թե քեզ ով է գնել կամ, ավելի շուտ, որտեղից են գտել։

– Դըխկ–դըխկ–դըխկ,– ծիծաղում էր կարծես թոքաբորբով հիվանդ վառարանը՝ օդը լցնելով մրե փոշով։

– Մի տես ո՜վ է ծիծաղում,– վիրավորված վրա էր տալիս լուսամփոփը։ Ո՞վ է լուսավորում հիմա այս տունը։  Հի՞ն եմ։ Այս քաղքենին չգիտի, որ հնությունը թանկ է գնահատվում։
– Իհարկե, հատկապես, երբ այդ հնությունը երկու տեղից կոտրված ու պատից է ամրացված, որ վայր չընկնի,– խայթում էր թերթը։

– Դըխկ–դըխկ–դըխկ,– փոշի ու մուր տարածելով՝ ծիծաղում էր վառարանը։
– Այ ես, օրինակ, ամենախելացին եմ այստեղ։ Եթե միայն իմանայիք ի՜նչ կարևոր մարդկանց ու դեպքերի մասին է գրված իմ էջերում,- շարունակում էր թերթը:
– Իսկ ես ջերմացնում էի բոլորին, իմ կողքին հավաքվում էին երեխաներ ու շագանակներ խորովում։ Ա՜յ թե երանելի ժամանակներ էին,– այս անգամ առանց դխկդխկոցի ավելացնում էր վառարանը։

Այսպես վիճում էին ու վիճում ամեն օր, նույն թեմայով՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու։

Ու մի օր, երբ մարել էին բոլոր մոտակա տների լույսերը, ու լքված տան իրերը պատրաստվում էին իրենց ամենօրյա զրույցին, հանկարծ դուռը ճռռալով բացվեց, ու ներս մտավ մի անծանոթ։ Իրերը մի պահ շփոթվեցին. նրանք վաղուց այցելու չէին ունեցել, ապա ուրախացան։ Հյուրը մի ճամփորդ էր, որ ուրիշ տեղ չգտնելով, որոշել էր լքված տանը անցկացնել գիշերը: Ու մինչ նա տեղավորվում էր, իրերը ոգևորված սպասում էին, թե իրենցից ամենաշատը ում կհավանի նա և թերևս վերջ կդնի իրենց անլուծելի վեճին։

Մարդը, երբ մի կողմ դրեց իր ճամպրուկն ու վերարկուն, առաջինը մոտեցավ լուսամփոփին։

– Այ, հիմա տեսանք, թե ով է ամենակարևորը,– գրված էր լուսամփոփի հպարտ, շողշողոցող դեմքին։

Հետո մարդը մոտեցավ վառարանին ու մանր մունր ցախերով կրակ վառեց։  Ո՜նց էր ճարճատում ժանգոտ հսկան։ Ուրախությունից ու ոգևորությունից կաս կարմիր էր կտրել։

Ու եթե մի պահ էլ մարդն ուշացներ մոտենալ թերթին, նա նախանձից ու բարկությունից թերևս իրեն գցեր բոցերի մեջ։ Բայց մարդը շատ ուշադիր սկսեց այն կարդալ։ Ու բոլորը շվարած չգիտեին՝ ինչ անել։ Ո՞վ էր ամենակարևորը։

Մարդը հանկարծ նկատեց պատուհանի գոգին դրված Գիրքը, որը երբեք չէր խառնվում վեճերին, ու ոչ ոք չգիտեր, թե նա ընդհանրապես ինչ է մտածում։

Մարդը բացեցԳիրքն ու սկսեց կարդալ: Նա մերթ ոգևորվում էր, մերթ հուզվում, մերթ մտահոգվում, ու մերթ էլ ընկճվում։ Իրերը այդպես էլ չիմացան, թե ինչի մասին էր Գիրք, բայց ակնհայտ էր, որ մարդն այտեղ գտել էր և լույս, և ջերմություն, և թե իմաստություն։

Մարդը չքնեց ողջ գիշեր, իսկ առավոտյան ակնածանքով փակեց Գիրքը, դրեց ուսապարկի մեջ ու գնաց։


No comments:

Post a Comment