Wednesday, January 10, 2024

ՓՈՔՐԻԿ ԱՆՆԱՅԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ

 Լ.Հ. (2007թ.)

Փողոցի անկյունում կար մի քարաշեն տուն։ Բարձր պարիսպների վրայից երևում էին միայն գեղեցիկ վարագույրներով զարդարված մեծ պատուհանները: Հաճախ լսվում էր դաշնամուրի ստեղների անհամաչափ ձայնը, ու բոլորը գիտեին, որ դա փոքրիկ Աննան է նվագում։

Շատերին էր հետաքրքրում, թե ինչ կա ցանկապատից այն կողմ։ Իսկ այնտեղ` դարպասի աջ կողմում, հենց տան շքամուտքի դիմաց, բարձրանում էր մի մեծ շատրվան, որի ավազանում հանդարտ լողում էին ծույլ ջրաշուշաններ։ Շատրվանի չորս բոլորը տարածվում էր մի հրաշալի պարտեզ: Անհամար ծաղիկների թերթիկների վրա էին հավաքվել աշխարհի բոլոր գույները, ու թիթեռներն իրենք էլ կարծես ճախրող ծաղիկներ լինեին։ Պարտեզի միջով հոսում էր մի փոքրիկ առվակ։ Իսկ երեկոյան նրա քչքչոցին էր միանում ծղրիդների անվերջ թվացող երգը։

Առավոտյան արևի առաջին շողերի հետ արթնանում էր պարտեզը։ Վարդերը իրենց հպարտ գլխիկներն էին թափահարում՝ ազատվելու վաղորդյան ցողից ու ակամա թրջում փոքրիկ, համեստ երիցուկներին։ Կամաց-կամաց  իրենց թերթիկներն էին բացում շուշանները, նարդոսներն ու խորդենիները, ու օդը լցվում էր անուշ բույրով։

Կեսօրին պարտեզ էր իջնում փոքրիկ Աննան։ Նա շրջում էր այս ու այն կողմ, վազվզում թիթեռների հետևից, ապա տեղավորվում պարտեզի անկյունում բազմած հսկա եղրևանու ստվերում և գունավոր մատիտներով սկսում ներկել իր սիրած պատկերազարդ գիրքը։

Այսօր Աննան պարտեզ էր իջել ավելի վաղ։ Նա հանդարտ քայլում էր ծաղիկների կողքով, ուշադիր զննում ամեն մեկին, ու վերջապես կանգնեց ճերմակ շուշանների կողքին։

- Դուք ամենագեղեցիկն եք։ Ես ձեզ կնվիրեմ մայրիկիս։ Այսօր նրա ծննդյան տարեդարձն է,- շշնջաց Աննան ու թեքվեց դեպի ծաղիկները: Նրանք հրաշալի էին բուրում։

Շուշանները ուրախությունից փայլեցին, իսկ հարևան կարմիր վարդերը նախանձից ու վիրավորանքից էլ ավելի շիկնեցին ու արհամարհանքով վեր ձգեցին գլխիկները։ Շուշաններին անշուշտ ընկճեց իրենց հարևանների պահվածքը, ու նրանք մի տեսակ սփրթնած ու անշուք թվացին։ Այս ամենը նկատեց Աննան ու ժպտալով մոտեցավ կարմիր վարդերին։

Միայն եղրևանին, որ բազում գարուններ էր դիմավորել այս պարտեզում, տխուր նայեց վարդերին: Նրանք չէին էլ կասկածում, որ այսօր վերջին անգամ են բուրելու տանը՝ ապակե տարայում տեղավորված։






No comments:

Post a Comment