Saturday, January 20, 2024

ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լ.Հ. (2012թ.)

Գաղտնիք չէ, որ մեծահասակները սիրում են պարծենալ՝ ոմանք իրենց կրթությամբ, ոմանք հաջողություններով ու ձեռքբերումներով, ոմանք նույնիսկ արտաքին տեսքով ու տարօրինակ շատ այլ բաներով: Մեծահասակները նաև սիրում են գաղտնիքներ: Նույնիսկ հաճախ հորինում են, որպեսզի կարողանան դրանց շուրջ խոսել:

Միգուցե հենց այս պատճառով է, որ մեծանալուն զուգահեռ նրանց հետ սկսվում են կատարվել սարսափելի փոփոխություններ: Սկզբում նրանք կորցնում են իրենց անկեղծությունը և ամեն ինչի սկսում են նայել կասկածանքով: Հետո կորցնում են նաև տեսողությունը և դադարում են տեսնել աննյութական աշխարհը: Այս ամենին ամնիջապես հետևում է հիշողության կորուստ, և նրանք մոռանում են հրեշտակների աշխարհը: Թեև բոլոր մեծահասակներն էլ երեխա ժամանակ այնտեղ ազատ ելք ու մուտք ունեին: Եվ որքա՜ն շատ էին սիրում այնտեղ զվարճանալ:

Ամեն գիշեր, երբ մեծահասակների աշխարհը ծածկվում է մթության քողով, փոքրիկները անհամբեր սպասում են, թե երբ են մայրիկները քուն մտնելու: Նրանք մի ակնթարթում հայտնվում են հրեշտակների աշխարհում: Այն ի դեպ ավելի իրական է, քան մեծահասակներինը, քանի որ գոյություն ունի շատ ավելի վաղուց և լինելու է միշտ:

Կանաչ անսահմանություն և հանգստացնող, խաղաղ մի լույս, որ ճառագում է ծառերից, ծորում տերևներից, կաթկթում հողին, հոսում է հանդարտ՝ ամփոփելով ամեն ինչ... Համատարած կապույտ՝ իր ամենաանհավանական երանգներով. այն վերևում է, ներքևում, ամենուր... ու դարձյալ նույն լույսը՝ արտացոլված միլիարդավոր կաթիլներում:

Եվ մինչ մեծահասակների համար գիշեր է, և նրանք փորձում են առօրյա բնական ու մտացածին հոգսերից աղավաղված երազներից խույս տալով հանգստանալ՝ երեխաները զվարճանում են այս հրաշալի վայրում: Նրանք անպայման ոտաբոբիկ քայլում են փափուկ, կանաչ խոտերի մեջ ու իրենց թմբլիկ ոտքերը թրջում ցողով: Նրանց շուրջը ճախրում են հրեշտակներ, որոնք անսահման սիրով նայում են երեխաներին ու ժպտում: Երեխաներն անդադար ծիծաղում են ու խաղում հրեշտակների հետ: Նրանք այնքան ուրախ են ու այնպես բարձր են ծիծաղում, որ հաճախ արթնացնում են իրենց ծնողներին:

Ու այսպես ամեն գիշեր... մինչ նրանք էլ մի օր կմեծանան ու կմոռանան այս հրաշալի վայրի մասին: Բայց բարեբախտաբար ոչ մի երեխա չի մոռանում այն ջերմությունը, որ նրանց սրտերի մեջ է թափանցում լույսի հետ միասին: Նրանք ողջ կյանքում անգիտակցաբար փնտրում են իրենց կորցրածը՝ հրեշտակների աշխարհը, և այն հրաշալի լույսը՝ հանգստացնող, ջերմացնող, կենդանի...



No comments:

Post a Comment