Tuesday, January 9, 2024

ՀԱՆԳԻՍՏ ՉՏՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 Լ.Հ. (2022թ.)

Ավելի քան 30 տարի առաջ էր, որ պատմության դասաժամին ուսուցչուհին սկսեց խոսել մարդու՝ կապիկից առաջացման մասին: Երևի փոքր ժամանակ ավելի համարձակ էի, որովհետև հարցրի, թե ինչո՞ւ բոլոր կապիկները մարդ չդարձան: Նպատակս բոլորովին ուսուցչուհուն սխալ դուրս բերելը չէր: Պարզապես ուզում էի հասկանալ: Եվ ուսուցչուհին, որ հուսամ՝ ինքն էլ չէր հավատում այդ անհեթեթությանը, ինձ անպատասխան չթողեց. «Կապիկների այն տեսակը, որ պետք է մարդ դառնար, դարձավ, մյուսները մնացին կապիկ»: 

Երբ հետադարձ հայացք եմ նետում անցած տարիների վրա ու փորձում հասկանալ, թե ինչպես եղավ, որ «գտա» Աստծուն, հստակ է, որ մտածող, փնտրող, հարցեր տվող մարդու համար դա անխուսափելի ու բնական հանգրվան է:

Ինչպե՞ս է առաջացել աշխարհը, ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ է պատահում մահից հետո և միջանկյալ շատ հարցեր: Անհնար է լռեցնել պարբերաբար գլուխ բարձրացնող այս հարցերի աղմուկը ու ձևացնել, թե կենդանու կամ բույսի պես գալիս ենք, մի պահ ապրում ու անհետ անցնում: Հետո՝ շատ տարիներ անց, պիտի կարդայի. «Եվ մարդու մտքի (սրտի) մեջ հավիտենականությունը դրեց» (Ժող. 3:11): Ի ծնե բոլորիս գիտակցության մեջ հաստատված է այն գաղափարը, որ գոյությունը ֆիզիկական կյանքով չի ավարտվում, ու որ մահից անդին գոյություն ունի այլ իրականություն:

Չեմ կարծում՝ կա մեկը, որ Աստծո ներկայությունը չի զգացել իր կյանքում, կհամարձակվեմ ավելացնել՝ պարբերաբար: Ոմանք ընդունում են այդ փաստը, ոմանք հերքում, ոմանք պայքարում դրա դեմ: Իսկ Աստված շարունակում է բախել դուռը՝ պարբերաբար, մեր ողջ կյանքում, ամենատարբեր ու անսպասելի ձևերով:

Առաջին «բախոցը», որ հիշում եմ, կարծում եմ՝ 7-9 տարեկան պիտի լինեի: Կարդում էի Անդերսենի «Ձյունե թագուհին», երբ հանդիպեցի հետևյալ տողերին. «Կայը ամբողջ մարմնով դողալով փորձում էր «Հայր մերը» ասել, բայց նրա գլխում պտույտ էր գալիս միայն բազմապատկման աղյուսակը»: Փաստորեն եթե Կայը հիշեր «Հայր մերը», կփրկվե՞ր: Այս հարցի պատասխանը գտա մի քանի էջ այն կողմ. «Գերդան սկսեց «Հայր մերը» արտասանել: Ահա մառախուղի մեջ սկսեցին նշմարվել մանրիկ լուսավոր հրեշտակներ, որոնք գետին իջնելով աճում, մեծանում, դառնում էին խոշոր, ահեղ հրեշտակներ սաղավարտները գլխներին, նիզակն ու վահանը ձեռքներին: Նրանց թիվը շարունակ ավելանում էր, և երբ Գերդան իր աղոթքն ավարտեց, նրան շրջապատել էր հրեշտակների մի ամբողջ լեգեոն»: Աստված օգտագործեց հեքիաթի տողերը՝ ինձ ճշմարտություն հասկացնելու: Եվ ես հասկացա: Ու դրանից հետո ցանկացած տհաճ իրադրության մեջ Աստծուն դիմելը դարձավ իմ առաջին արձագանքը:

Սակայն դեռ պետք էր գտնել այն Աստծուն, ով ինձ կանչում էր: Նա թույլ տվեց, որ բախեմ սխալ դռներ, բայց երբեք չթողեց ներս մտնել ու առավել ևս մոլորվել: Փնտրեցի հունական ու հռոմեական դիցաբանության մեջ: Մարդկային ամենազազրելի արատներով օժտված գերբնական էակների պատմությունները սկզբում գրավում և ի վերջո հիասթափեցնում ու վանում էին: Զարմանքով նկատեցի, որ հայկական դիցարանն էլ ոչ մի յուրօրինակություն չունի՝ Արամազդը նույն ինքը Զևսն էր, Անահիտը՝ Հերան, իսկ Վահագն էլ Արեսը: Ծանոթացա բուդդիզմի ու հինդուիզմի գաղափարներին, ընթերցեցի տարբեր փիլիսոփաների, ու ամեն ինչ թվաց մարդահնար, դատարկ ժամավաճառություն: 

Աշխարհի առաջարկած աստվածներից ոչ մեկը նա չէր, ում ես փնտրում էի, ով ինձ կանչում էր: Փնտրտուքս իր գագաթնակետին հասավ 2001թ.: Կեչարիսի վանքում Աստված ինձ առաջնորդեց ապաշխարության: Պարզապես ամբողջ ծանրությամբ ինձ զգացրեց իմ մեղավոր ու իրեն անարժան լինելը: Մի ակնթարթում հասկացա Աստծու փոխարեն սովորութներով ու ավանդույթներով ապրելու թաքնված վտանգը: Սարսափեցի այն մտքից, որ կարող էի ապրել մի ողջ կյանք ու մեռնել առանց Աստծո: 

Անցել է 21 տարի: Մուլտֆիլմի հերոս Նաղաշի նման փնտրեցի հեռուներում, երբ ինձ իմ փնրածից (Աստծուց) մի աղոթք էր բաժանում: Իսկ բոլոր հարցերիս պատասխանը մի գրիքի մեջ էր, որը դրված էր մեր պահարանում որպես մասունք: 

Կարդում ես Աստվածաշունչը ու առանց նշույլ իսկ կասկածի ընդունում Գրքի աստվածային ծագումը: Մարդկային ապականված բնույթին հակառակ է ամեն միտք այս մատյանում: Աստված ինքն է քեզ հետ խոսում՝ սովորեցնում, կշտամբում, ուղղում, օգնում խուսափել կեղծ ուսուցումներից ու աղանդներից, կռապաշտությունից ու կրոնապաշտությունից: 

Աստվածաշնչի էջերում ենք ծանոթանում Սուրբ Երրոդությանը՝ տիեզերքն ու մեզ ստեղծած Աստծուն՝ սուրբ, արդար, գերիշխան, հավիտենական, սիրող, ողորմած, ամենազոր: Տեսնում ենք Նրա անհուն սերն ու համբերատարությունը ի հեճուկս մարդկային  անհնազադության: Տեսնում ենք նաև Աստծո զոհաբերության ու շնորհի անչափելիությունը: Քաջալերվում ենք մարգարեությունները կատարված տեսնելով ու հավատքով անցնում ենք մեր կյանքը՝ վստահ իմանալով, որ մի օր կգնանք մեր իրական ու հավիտենական տուն՝ մեր Աստծո, Տիրոջ ու Փրկչի մոտ:









No comments:

Post a Comment